Economy

Հայաստանի վարչապետն այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ

10.12.2025

Հայաստանի վարչապետն այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը հանդիպել է գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։ Գերմանիայի արևելյան բիզնես ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միխայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու առկա հնարավորություններին և հեռանկարներին։ Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ՝ հավելելով, որ վերջին շրջանում ապրանքաշրջանառության դրական միտում է նկատվում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում բացվող հեռանկարներին։ Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի։