Իրադարձություններ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզը».
Դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիական պատվիրակությունը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հայկական պատվիրակության կազմում էին նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարարներ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական, պաշտոնատար այլ անձինք։
Իր խոսքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Լեմուինին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումներ կազմակերպելուն աջակցելու համար՝ ընդգծելով, որ համատեղ հանդիպման անցկացումը շուրջ մեկ տարվա երկկողմանի հետևողական աշխատանքի, ինչպես նաև երկու երկրների ղեկավարության մակարդակով ձեռք բերված ջանքերի և պայմանավորվածությունների արդյունք է։
Արարատ Միրզոյանը նշել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքի անհրաժեշտությունը՝ տնտեսական հարաբերությունների կտրուկ ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ, արտոնյալ հարաբերությունների մակարդակին։
Քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը, նոր տնտեսական նախագծերով համագործակցությունը հարստացնելու և փոխադարձ ներդրումների ակտիվացումը։ Զրուցակիցները նշել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես պատվիրակությունների փոխայցելություններ կազմակերպելու և տնտեսական միջոցառումների անցկացման միջոցով։ Ընդգծվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայիս ներկայությունը Հայաստանում և նշվել նոր ծրագրերի իրականացման կարևորությունը։