Իրադարձություններ

Ագրեսոր կամ անվտանգության երաշխավոր

Ագրեսոր կամ անվտանգության երաշխավոր

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ բողոքի ցույց՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները երթը սկսեցին Օպերայից և Պռոշյան փողոցով շարժվեցին դեպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայր, որտեղից նա պետք է մեկներ ՌԴ նախագահի հետ հանդիպման։ «Պուտինը Հայաստանից դուրս», «Այստեղ ահաբեկիչների համար տեղ չկա» պաստառներով, ինչպես նաև Ուկրաինայի, Եվրամիության և Միացյալ Նահանգների դրոշներով ցուցարարները հավաքվել էին բողոքելու Երևանում մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովի դեմ։ Գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։ «90-ականներից սկսած՝ մեր անվտանգության երաշխիքների դիմաց մենք Ռուսաստանին տվեցինք այն ամենը, ինչ կարող էինք՝ էներգետիկ ենթակառուցվածքներ, երկաթուղիներ, մենաշնորհներ, մտանք ԵԱՏՄ, ինչը մեզ տնտեսապես բոլորովին ձեռնտու չէր»,- ասաց հանրահավաքի մասնակից, Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամ Սիփան Զարգարյանը, ով ներկայացնում էր կուսակցության երիտասարդական թևը։ «2020 թվականի սեպտեմբերին, ցավոք, եկավ այն օրը, երբ մենք իրական կարիք ունեինք ստանալու անվտանգության երաշխիքներ, որոնց համար վճարեց ողջ ժողովուրդը, բայց անվտանգության փոխարեն մենք դավաճանություն ստացանք, Ռուսաստանը փաստացի քաղաքական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին»,- բեմից ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանը։ Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած անդամ երկրի դեմ ագրեսիան համարվում է ագրեսիա ՀԱՊԿ բոլոր երկրների դեմ։ Սակայն ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնություն չի ցուցաբերվել։ Ակցիային միացել են նաև տասնյակ ռուսներ, ովքեր պատերազմի սկզբից տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել են Հայաստանում։ Նրանցից մեկը՝ 27-ամյա Դմիտրին, ասաց, որ հիացած է Հայաստանում որոշ ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ Եվրոպական կուսակցության գործունեությամբ, նրանց գաղափարախոսությամբ և համարձակությամբ, թե ինչպես են նրանք հետևողականորեն պայքարում ավտորիտար ռեժիմների դեմ՝ Ռուսաստանում և Հայաստանում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները Երեւանի Պարոնյան փողոցից 4 հոգու բերման են ենթարկել բաժին, այդ թվում՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։ Ոստիկանության լրատվական ծառայությունից դեռ չեն մեկնաբանել, թե ինչու են բերման ենթարկվել ակցիայի կազմակերպիչները։ Ոստիկանության բաժնից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել նաև Տիգրան Խզմալյանի փաստաբանին։ Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Սիփան Զարգարյանը։