Քաղաքականություն
Ընդդիմությունը գրավում է իրավապաշտպանների ուշադրությունը
14.01.2021
«Միասնական Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամները՝ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Վահան Կոստանյանի գլխավորությամբ, Էդվին Թամազյանի նախաձեռնությամբ ստորագրահավաք են սկսել՝ Օմբուդսմենին կոլեկտիվ բողոք ներկայացնելու և իրավապաշտպան բոլոր կազմակերպությունների ուշադրությունը ոստիկանության անհամաչափ գործողությունների և բռնության մնացած անպատիժ դեպքերի վրա հրավիրելու համար։ Նախօրեին հանդիպեցինք Էդվին Թամազյանին, տեղեկացանք ստորագրահավաքի ընթացքի մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ մարդիկ շատ պատրաստակամ են միանալ նախաձեռնությանը. «Վերջին շրջանում շատերն ավելի մեծ ակտիվությամբ են մասնակցում գործող իշխանությունների և նրանց քաղաքականության դեմ կազմակերպվող հանրահավաքներին և մեծ հույս ունեն, որ համատեղ պայքարով կկարողանանք վերացնել Նիկոլ Փաշինյանի ոհմակը, ինչի պատճառով էլ մարդկանց թիվը օրեցօր ավելանում է»,- վստահեցնում է Թամազյանը։ Նա մտադիր է իր «Միասնական Հայաստան» կազմակերպության անունից հավաքված ստորագրություններով դիմում ներկայացնել ՄԻՊ գրասենյակ և պահանջել համարժեք արձագանք ոստիկանության գործողություններին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած երթի ժամանակ, որին միացել էին մի շարք ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ «Հայաստան դաշինքը» և «Միասնական Հայաստան»-ը, կրկին բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանության հատուկ ջոկատայինների գործողությունների արդյունքում տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով 14 ընդդիմադիր ակտիվիստներ գտնվում են հիվանդանոցային բուժման մեջ, 36 մարդ ստացել է առաջին բուժօգնություն։ Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, դաշինքի մոտ 2000 անդամ է բերման ենթարկվել, իսկ մեր տվյալներով նրանց թիվը գերազանցում է 2500-ը։ Շարժման ղեկավարները և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը մտադիր են օգտագործել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության գործողություններին համաչափ իրավական գնահատական տալու համար։ «Հատկանշական է, որ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ և բացահայտ բռնության կիրառմամբ ձերբակալությունները համատարած են, ինչն ուղղված է իշխանությունների կողմից, նույնիսկ բացահայտ սպառնում են մեր դեմ շինծու քրեական գործեր հարուցել՝ նպատակ ունենալով կոնկրետ լռեցնել և ճնշել բոլորիս»,- ընդգծում է Էդվին Թամազյանը։ Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակի խոսքով՝ ինքը չի ակնկալում, որ բռնություն գործադրելու հրաման տվող իշխանություններից և նրանց կուրորեն ենթարկվող իրավապահներից արդարադատություն կհասնի։ Թամազյանի խոսքով, մինչ ստորագրահավաքի նախաձեռնությունը սկսելը, ինքը խորհրդակցել է իր փաստաբան Էդգար Բադեմյանի հետ և պայմանավորվել, որ եթե ներքաղաքական բոլոր իշխանությունները լռեն, ապա Բադեմյանի աջակցությամբ իրենց բողոքը կուղարկվի ՄԻԵԴ։