Քաղաքականություն
Աղբյուր. Իսրայելը փորձում է կանխել Իրան-ԱՄՆ միջուկային գործարքը
16.02.2026
Թեհրանը կարծում է, որ Իսրայելը փորձում է ազդել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացի վրա և թույլ չտալ իրանական միջուկային հարցի շուրջ համաձայնություն, RIA Novosti-ին հայտնել է իրազեկ իրանական աղբյուրը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը Իրանի միջուկային հարցի շուրջ կանցկացվի փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ։
«Իսրայելը, պայմաններ հնչեցնելով կամ սահմանափակումներ առաջարկելով, ձգտում է ազդել ամերիկյան օրակարգի վրա: Իսրայելի նպատակն է խոչընդոտներ ստեղծել համաձայնագրի համար, այլ ոչ թե դիվանագիտական առաջընթացի», - մեկնաբանել է գործակալության զրուցակիցը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության նոր փուլից առաջ Իսրայելի հնչեցրած պահանջները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 16-ին ասել է, որ հրեական պետության աչքում Իրանի հետ գործարքն ընդունելի կլիներ, եթե Թեհրանը չունենար ուրանի հարստացման հնարավորություն, Իրանի հրթիռային ծրագիրը սահմանափակվեր 300 կիլոմետր շառավղով, իսկ տարածաշրջանային իրանամետ ուժերին աջակցությունը սահմանափակվեր:
Մինչ այս Նեթանյահուն այցելել է ԱՄՆ, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Իրանը նախկինում մերժել էր ուրանի հարստացումից հրաժարվելու հնարավորությունը և նաև հայտարարել էր, որ չի քննարկի իր հրթիռային ծրագիրը: