Ոստիկանության հետ բախումների արդյունքում կան տասնյակ վիրավորներ ու բերման ենթարկվածներ։
Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքն ավարտվել է բախումներով։
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, ինչի հետևանքով հավաքի մասնակիցների մեջ կան վիրավորներ։ Իրավապաշտպանները հանցագործության մասին հաղորդում են հարուցում հունիսի 12-ին ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ։ Ըստ նրանց՝ հունիսի 12-ին արձանագրվել են հատուկ միջոցների կիրառման և ցուցարարների նկատմամբ բռնության դեպքեր, բացի այդ՝ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից սադրանք՝ խաղաղ հանդիպումը անկարգությունների վերածելու և այն ճնշելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ խաղաղ հավաքի տարածքում ոստիկանական զորքեր են եղել, ինչն օրենքով արգելված է։
Նախօրեին հանրահավաքի ժամանակ զրուցեցինք հանրահավաքի ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների հետ, ովքեր վստահ էին, որ իրավապահ մարմինները քայլեր են ձեռնարկում բիրտ ուժի կիրառմամբ ցույցը ցրելու և Բաղրամյան պողոտայում «Սրբազան» շարժման կողմնակիցների կողմից կանգնեցված վրանները հեռացնելու համար։
«Մենք այլ ելք չունենք, քան հեռացնել Փաշինյանին և պաշտպանել մեր երկրի տարածքը»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ քանի դեռ Փաշինյանը ղեկավարում է մեր երկիրը, մենք միայն պարտություններ ենք ունենալու, իսկ Արցախից հետո հաջորդ կորուստը լինելու է Տավուշը։
Հանրահավաքի մասնակիցներից Մարինե Սարգսյանը հայտարարեց, որ պայքարելու է հայրենիքի համար մինչև իր վերջին շունչը։ Մարինեն Տավուշից է և մեծ ցավով պատմեց, որ իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին փոխանցել Տավուշի մի քանի սահմանամերձ գյուղեր, այդ թվում՝ իր հոր հայրենի Նավուր գյուղը։
«Ես պետք է պայքարեմ հանուն հորս, չեմ կարող դավաճանել հորս հիշատակը, որին սպանել են այս անօրեն երկրի իրավապահ մարմինները, և ես պատրաստ եմ կյանքիս գնով փրկել մեր գյուղը»,- ասաց Մարինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ հավաքվածները պատրաստ են ցանկացած հալածանքի՝ հանուն հայրենիքի։
Հիշեցնենք, որ Մարինե Սարգսյանը ընդդիմադիր գործիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Զավեն Սարգսյանի դուստրն է, ով շարունակում է պայքարել՝ ապացուցելու, որ իր հայրը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվել հատուկ ծառայությունների կողմից և ենթարկվել բռնության, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը։
Մարինեն ընդգծեց, որ ոստիկանությունն իր անօրինական գործողություններով չի կոտրի իրենց կամքը.
Հունիսի 12-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում, ըստ առողջապահության նախարարության, այս պահին բուժօգնություն է ստանում 98 քաղաքացի, կան տասնյակ բերման ենթարկվածներ։
Ոստիկանությունն ասում է, որ նրանց գործողությունները եղել են իրավաչափ։
Արմինե Նալբանդյան
Երեւան - 13 հունիսի, 2024թ