Բանակում բռնություններից մինչև քաղաքացիական պայքար. Ռաֆայել Երանոսյան
Հեղինակ՝ Ծովինար Նազարյան
Հայաստանի զինված ուժերում բռնության և անպատժելիության խնդիրը շարունակում է մնալ հանրային լուրջ մտահոգության առարկա։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով այս թեման՝ և՛ որպես լրագրող, և՛ որպես բանակում սպանված զինվորի քույր, ես բազմիցս հանդիպել եմ ընտանիքների պատմությունների, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում «վախ», «լռություն», «ճնշում», «անպատիժ հանցագործներ»։
Այս անգամ հանրության ուշադրության կենտրոնում ամիսներ առաջ զորացրված Ռաֆայել Երանոսյանի դեպքն է, ով ծառայությունից հետո հանրային պայքար է նախաձեռնել զինվորների իրավունքների պաշտպանության և բանակում համակարգային խախտումները բացահայտելու համար։
Ռաֆայել Երանոսյանը զորակոչվել է 2021 թվականի փետրվարին։ Նրա ներկայացրած փաստերի համաձայն՝ ծառայության առաջին իսկ օրերից նրա նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվել՝ պայմանավորված հոր քաղաքական դիրքորոշմամբ։ Երանոսյանի հայրը հայտնի է որպես ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անձ, ով հրապարակավ քննադատել է գործող իշխանություններին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։
Երանոսյանի խոսքով, իր նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել, հասարակական նվաստացում և ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Նրա ընտանիքի կողմից ներկայացված բողոքները արդյունք չեն տվել, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։
«Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ իմ գործընկերներից մի քանիսը, ինչպես իմ ընկեր Արթուր Ղազարյանը, սպանվել են բանակում, սակայն նրանց մահը պաշտոնապես որակվել է որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար»,- պնդում է Ռաֆայելը։
2023 թվականի փետրվարին, զորացրվելուց հետո, Երանոսյանը դիմել է մասնագետների՝ իրավաբանների, իրավապաշտպանների օգնությանը՝ իր բողոքները օրինական ճանապարհով ձևակերպելու և համապատասխան մարմիններին ուղարկելու համար։ Ռաֆայելի խոսքով՝ ինքը վճռական է արդարության հասնելու հարցում և իր օրինակով խրախուսում է մյուսներին չլռել։
Իր բողոքին ավելի մեծ կշիռ տալու համար նա նախաձեռնեց ստորագրահավաք և խրախուսեց իր ծառայակիցներին, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում տարբեր պատճառներով բռնության ենթարկվածներին միանալ նախաձեռնությանը և հարցը բարձրացնել մինչև ՄԻԵԴ։
«Իմ փաստաբանն արդեն բողոք է պատրաստում, և մենք մի շարք ակտիվ և սկզբունքային երիտասարդների հետ այժմ մտադիր ենք գրանցել «Հանուն հայրենիքի պաշտպանի» ՀԿ և ձևավորել զինվորների իրավունքների պաշտպանության անկախ հարթակ։
Ռաֆայել Երանոսյանի պատմությունը մեկ մարդու պատմություն չէ. Խոսքը վերաբերում է ավելի լայն խնդրի՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, ոչ մարտական մահերի պատճառների և քաղաքական բռնաճնշումների թափանցիկությանը, որից Հայաստանում ոչ ոք անձեռնմխելի չէ։ Ռաֆայել Երանոսյանն իր մաշկի վրա զգաց պետական ապարատի ողջ ծանրությունը.
Այս պատմությունը հիշեցնում է, որ լռությունը երբեք լուծում չէ: